Հայաստան-Չինաստան երկկողմ ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է 30 տոկոսով, կազմել շուրջ 1.4 միլիարդ դոլար: Հարավկովկասյան երկրներից Հայաստանը Չինաստանի առաջին գործընկերն է. սա մեր երկրում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի արձանագրումն է: Նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:
Ֆան Յոնգ (Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Վերջին 30 տարում Չինաստանի և Հայաստանի միջև շատ սերտ, բարեկամական և արդյունավետ համագործակցություն է ծավալվել: Հայկական բարձրորակ կոնյակի և գինու պահանջարկն ու հեղինակությունը չինական շուկայում շարունակում է աճել: Այս պահին չինական խոշոր ներդրումներ են կատարվում Հայաստանի ենթակառուցվածքներում, հատկապես` արևային էներգիայի ոլորտում: Չինաստանը հատկապես հետաքրքրված է Հայաստանի հանքարդյունաբերությամբ, և մեր երկիրը հիմնականում արտահանում է հանքանյութ:
Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, խոսելով կրթության ոլորտում գործակցության մասին, մատնանշում է ուսանողների փոխանակման ծրագրերը, Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի և հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հայաստանի քաղաքացիները Չինաստանի լավագույն համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով` նրանք նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հայաստանը և Չինաստանը համագործակցություն են սկսել նաև գրականության թարգմանության և հրատարակման ոլորտում. այն կնպաստի երկու երկրի մշակույթի ճանաչմանը նաև գրականության ոլորտում:
«Հայաստան և Չինաստան. վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» գիտաժողովի ելույթում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ընդգծում է՝ հայ-չինական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են տարբեր ոլորտներում:
Արմեն Դարբինյան (1998-1999 թթ. ՀՀ վարչապետ) - Չինական մշակույթից պետք է ընդունենք տարբերությունները հարգելու ունակությունը: Հենց այդ հարգանքի բացակայությունն է աշխարհում կոնֆլիկտների գլխավոր պատճառը: Հայաստանը ցանկանում է վերագտնել առևտրային միջնորդի իր դերը Արևելքի և Արևմուտքի միջև: Կարծում եմ՝ հեռանկարում մենք պետք է ակտիվացնենք ներդրումները տարածաշրջանում՝ աջակցելով Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, խթանելով ճանապարհների, երկաթուղիների կառուցումը:
Դեսպան Ֆան Յոնգը վերահաստատում է՝ հայ-չինական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունը բարեկամության արդյունք է, որն էլ առաջիկայում ամրապնդվելու է գործակցության նոր բազմազան ծրագրերով: