ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ Է ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ
Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է: «Տոչկա-Ու» համակարգի հրթիռի հարվածից զոհվել է ավելի քան 30 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են։ Զոհվածների թվում կան երեխաներ։
Ուկրաինական կողմը մեղադրել է Ռուսաստանի ԶՈՒ-ին: Կրամատորսկի քաղաքապետի խոսքով՝ ռուսական զորքերը կանխամտածված են թիրախավորել կայարանը։
Ռուսական կողմը կտրականապես հերքում է մեղադրանքները: Ռուսաստանի ԶՈՒ-ն «Տոչկա-Ու» հրթիռներ չի օգտագործում՝ հայտարարել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պաշտոնական Մոսկվան քաղաքին հարվածելու համար մեղադրում է Կիևին:
ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդեն հինգերորդ փաթեթը, որով սահմանափակումներ են նախատեսվում մի շարք ֆիզիկական անձանց և հաստատությունների նկատմամբ, արգելվում են բարձր տեխնոլոգիաների և զենքի մատակարարումները Ռուսաստան և այնտեղից ռուսական ածխի ներմուծումը ԵՄ երկրներ։
Ռուսաստանի դրոշով նավերին կարգելվի մուտք գործել եվրոպական երկրների նավահանգիստներ, կդադարեցվի ԵՄ տարածքում Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտային ընկերությունների գործունեությունը։
Պատժամիջոցները տարածվում են նաև ռուս ձեռնարկատերերի, ԶԼՄ ներկայացուցիչների, անվտանգության ծառայությունների և բոլոր կազմակերպությունների վրա, որոնք կապ ունեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԾԽԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ
Գերմանիան 120 օրվա ընթացքում պետք է հրաժարվի ռուսական ածխի մատակարարումից․ նման անցումային շրջան է նախատեսված ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մեզ ժամանակ է հարկավոր, ընկերություններին՝ նույնպես, նրանք երկար ժամանակ է՝ նոր մատակարարներ են փնտրում»,- նշել է Շոլցը:
ՃԱՊՈՆԻԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ
Ճապոնիան, ԵՄ երկրների օրինակով, նույնպես մտադիր է աստիճանաբար նվազեցնել ռուսական ածխի ներկրման ծավալը և կրճատել կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից՝ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Տոկիոն կարգելի նաև Ռուսաստանից սարքավորումների, փայտի և օղու ներկրումը և այդ երկրում նոր ներդրումներ կատարելը։ Կընդլայնվեն ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները։ Նախատեսված են անհատական պատժամիջոցներ ռազմական ոլորտի հետ առնչություն ունեցող ՌԴ մոտ 400 քաղաքացու նկատմամբ։
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից ռուսական ածխի ներմուծման արգելքին` Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կդիտարկի այլընտրանքային շուկաներ։
«Ածուխը դեռ բավականին պահանջված ապրանք է»,- ընդգծել է Պեսկովը:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է գալիս Մոսկվայի վրա ճնշումն էլ ավելի մեծացնելու օգտին։ Նա հայտարարել է նաև, որ Փարիզը պատրաստ է հրադադարից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։
Որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր հանդես գալու պատրաստակամության մասին են հայտնել նաև Լեհաստանը և Իտալիան։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ համաձայն է ամրագրել երկրի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրվեն։ Ըստ ուկրաինական կողմի՝ երաշխավորների դերում կարող են հանդես գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ առաջարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցանկում ընդգրկել Բելառուսին։ Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն Մոսկվան վճռական է տրամադրված իր պահանջների կյանքի կոչման հարցում։
ԳԱԶԻ ԵՎ ՋՐԱԾՆԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ՝ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրների համար գազի և ջրածնի համատեղ գնումների հարթակի գործարկման մասին՝ ռուսական մատակարարումներից միության անդամների կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է․ «Հարթակի շնորհիվ հնարավոր կլինի համաշխարհային շուկայում ռուսական գազի այլընտրանքային մատակարարներ գտնել»։
Ներկայում Ռուսաստանը բավարարում է Եվրամիության գազի պահանջարկի 40 տոկոսը։ Եվրահանձնաժողովը միության երկրների առաջ խնդիր է դրել՝ մինչև 2022 թվականի վերջը ռուսական գազի ներմուծման ծավալը կրճատել երկու երրորդով։
ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Բայդենի վարչակազմի կարծիքով՝ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից և կծառայի ՆԱՏՕ-ի միասնությանը: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասված է մի խումբ կոնգրեսականների պետքարտուղարության ուղղված նամակում:
«Չնայած ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններին` պաշտպանության ոլորտում Անկարայի կապերը Ուկրաինայի հետ «կարևոր զսպող գործոն են տարածաշրջանում վնասակար ազդեցության համար»»,- ասված է փաստաթղթում։
Ամերիկյան կողմը վստահ է՝ Անկարան արդեն բավական «լուրջ գին է վճարել» ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու համար։
Պետքարտուղարությունը միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ կործանիչների հնարավոր գործարքի հետ կապված թուրքական կողմին դեռևս ժամկետներ և երաշխիքներ չեն տրամադրվել:
2023-ԻՆ ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑՎԻ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է Թել Ավիվում 2023 թվականին Ադրբեջանի դեսպանատան բացման մասին։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա առևտրի և զբոսաշրջային ներկայացուցչության բացումից հետո։