Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Լավրովի և Միրզոյանի հանդիպումը, որի սկզբում Լավրովը նշել է այն թեմաները, որոնք քննարկվելու են բանակցությունների ընթացքում:
«Ողջունում ենք ձեզ Մոսկվայում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ֆոնին: Այսօր մենք կստորագրենք առաջիկա երկու տարվա խորհրդակցությունների ծրագիրը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու պաշտպանունակությունը, սահմանների պաշտպանությունը՝ որպես առանցքային դաշնակցի: Որպես առևտրատնտեսական գործընկեր և որպես օտարերկրյա ներդրող՝ կշարունակենք մշակել նոր ծարգրեր, որոնք հնարավորություն կտան ապահովել կայունություն առևտրի ոլորտում, ստեղծել արտադրական նոր հզորություններ, աշխատատեղեր: Հիմա պատրաստվում է առաջարկությունների հերթական փաթեթը, որն ուղղված է ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում էականորեն ավելացնելուն: Մեր քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը: Մենք շահագրգռված ենք միասնական կրթական, լեզվական, գիտական տարածքի ստեղծմանը: Բնականաբար, կաջակցենք հայերենին և հայկական մշակույթին Ռուսաստանում:
Միջազգային համագործակցության շրջանակում կքննարկենք համագործակցության հեռանկարները ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակում և ԱՊՀ-ի շրջանակներում: Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում, և մենք պետք է համեմատենք մեր գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է կազմակերպության անդամներին: Լեռնային Ղարաբաղի և, ընդհանրապես, ամբողջ Անդրկովկասի խնդիրները միշտ եղել են առանցքային թեմաներ մեր քննարկումներում: Ղարաբաղյան կարգավորման հարցում կան բարձր մակարդակի երեք պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել 2020 թ. նոյեմբերին, 2021 թ․ հունվարին և նոյեմբերին, և մենք ապահովելու ենք դրանց իրականացումը, ներառյալ՝ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը: Թեմաները շատ են, և ես հուսով եմ, որ այսօր այդ մասին մանրամասն կխոսենք և կհանգենք պայմանավորվածությունների, որոնք կօգնեն զարգացնել մեր հարաբերությունները»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը: