Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը միջազգային ուշադրության կենտրոնում է։ ԵԱՀԿ նախագահությունը ողջունել է եռակողմ բանակցությունների շարունակումը, ինչպես նաև հնարավոր խաղաղության համաձայնագրին հասնելու գործընթացի մեկնարկը։ Կազմակերպություը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։
ՄԱԿ-Ը ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող գործակցությամբ։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի՝ հետագա բանակցություններում ներգրավվելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու հայտարարված հանձնառությունը»։
Դյուժարիկն ընդգծել է նաև Եվրամիության դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը նպաստելու գործում և կոչ արել կողմերին՝ վիճելի հարցերը լուծել դիվանագիտության միջոցով՝ առկա ձևաչափերի շրջանակում:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նույնպես անդրադարձել են բրյուսելյան հանդիպմանը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քայլերը։
ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՌԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում: Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 պետություն: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում որոշումը կարող է վերանայվել։
Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշել է վաղաժամկետ դադարեցնել անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ ՄԱԿ-ի բանաձևը նա «ապօրինի և քաղաքական դրդապատճառներով թելադրված քայլ» է որակել։
Չինաստանը դեմ է քվեարկել կառույցին Ռուսաստանի անդամակցության կասեցմանը։ ՄԱԿ-ում երկրի ներկայացուցիչ Չժան Ջունը նշել է, որ դա կխորացնի տարաձայնությունները ՄԱԿ-ում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ հայտարարել է, որ իր երկիրը կողմ է քվեարկել բանաձևին՝ Արևմուտքի ճնշման և շանտաժի պատճառով։
Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը:
ՊԵՍԿՈՎՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի որոշման կապակցությամբ։ «Մենք կշարունակենք արտահայտել մեր դիրքորոշումը և պաշտպանել մեր շահերը բոլոր հնարավոր օրինական եղանակներով»,- նշել է նա։
Պեսկովն անդրադարձել է նաև Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներին: «Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի տեսանելի ապագայում՝ կա՛մ ռազմական ճանապարհով, կա՛մ խաղաղ բանակցությունների միջոցով։ Մեր զինվորականներն անում են հնարավորը՝ հատուկ գործողությունն ավարտին հասցնելու համար»,- շեշտել է նա։
Անդրադառնալով Կիևի և Չեռնիգովի ուղղություններից ՌԴ ԶՈՒ դուրսբերմանը՝ Պեսկովն ընդգծել է, որ այդ քայլը «բարի կամքի դրսևորում» է, այն ցույց է տալիս Մոսկվայի պատրաստակամությունը՝ «հարմարավետ պայմաններ ստեղծելու ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու համար»։
Պաշտոնյայի խոսքով՝ ՌԴ Զինված ուժերը զգալի կորուստներ է կրել։ «Սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
ՌԴ պաշտպանության նախարարության վերջին տվյալով՝ հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում զոհվել է 1351 ռուս զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը։
ԵՄ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՆ
ԵՄ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդեն հինգերորդ փաթեթին, որը սահմանափակումներ է նախատեսվում ֆիզիկական անձանց և ֆինանսական հաստատությունների համար, արգելվում են ռուսական ածխի ներմուծումը, բարձր տեխնոլոգիաների և զենքի մատակարարումները։
Ռուսաստանի դրոշով նավերին կարգելվի մուտք գործել եվրոպական երկրների նավահանգիստներ, կդադարեցվի ԵՄ տարածքում Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտային ընկերությունների գործունեությունը։
Պատժամիջոցները տարածվում են նաև ռուս ձեռնարկատերերի, ԶԼՄ ներկայացուցիչների, անվտանգության ծառայությունների և բոլոր կազմակերպությունների վրա, որոնք կապ ունեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտնել է, որ Եվրամիությունը լրացուցիչ 500 մլն եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային։
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ ՌԴ-ԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի վերաբերյալ օրինագծին։ Նախաձեռնության օգտին կողմ է քվեարկել 413, դեմ՝ 9 կոնգրեսական։
Ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել նաև դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները։