Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք՝ Արցախյան պատերազմներում զոհված տղաների հարազատները հյուրընկալվել էին կառավարական առանձնատանը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջոցառմանը, նկատելով՝ կառավարական առանձնատների տարածքն իր օրում այդքան հյուր չէր տեսել:
«Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։ Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։
Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։ Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան։ Իրար հետ ապրեցինք այդ օրը։
Այլ բան, որ ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել, որ հնարավորինս անկաշկանդ մթնոլորտ լիներ, կանայք զբոսնեին, ծանոթանային, շփվեին նաև միմյանց հետ, երեխաները վազվզեին։
Բայց մինչև բոլորովին վերջերս միստիկական համարվող տարածքում թերևս այդքան հեշտ չէ միանգամից անկաշկանդ լինել։ Այնպես որ՝ միայն երեխաները վազվզեցին։ Այն էլ՝ մամաները հավանաբար սաստում էին:
Հատուկ շնորհակալություն ՔՊ կին պատգամավորներին, միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների կանանց, պաշտոնյա կանանց, ովքեր տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել նրանց»,- գրել է Աննա Հակոբյանը: