Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի ու Բայրամովի հեռախոսազրույցը։
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված երկու երկրների դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։ Դրական է գնահատվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տարբեր միջոցառումների անցկացումը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային ու միջազգային մի շարք թեմաների շուրջ։ Նախարարները վերանայել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարումը, ներառյալ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու հարցերը։