Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դրական արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրների ու առաջնորդների կողմից: Կրեմլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը շատ դրական հանգամանք է և ողջունելի է:
Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հասնելու գործում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը գնահատել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելը շեշտել է նաև հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը:
Ժոզեպ Բորել (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հասնելու ուղղությամբ վճռորոշ ջանքեր ու առաջընթաց են արձանագրվել: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ավելի քան երբևէ, կարևոր է ներգրավման և հակամարտությունների դիվանագիտական լուծման ուղիներ գտնել:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները ողջունել է պաշտոնական Պեկինը: Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ կողմերը միասին կաշխատեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:
Չժաո Լիցզյան (Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ) - Չինաստանը ողջունում է երկու կողմերի որոշումը՝ լուծել առկա հակամարտությունը և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, և անկեղծորեն հուսով է, որ կողմերը կիրականացնեն հրադադարի պայմանավորվածությունները և կպահպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
Պեկինը նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Չինաստանի հետ բարեկամական համագործակցության գործընկերային հարաբերություններ ունեն: