Լավրով-Միրզոյան հանդիպումից հետո տեղի է ունեցել արտգործնախարարների մամուլի ասուլիսը, որի ժամանակ կողմերը ներկայացրել են բանակցությունների ժամանակ քննարկված թեմաները:
Սերգեյ Լավրովը բացման իր խոսքում նշել է․ «Ապրիլի 3-ին լրացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս տարի լրանում է նաև երկու երկրի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի 25-ամյակը: Դրանք նշանակալի տարեդարձներ են, և դրանց ուղղված միջոցառումները հետևողականորեն իրականացվում են: Մենք գնահատում ենք վստահելի քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև: Միայն այս տարի նրանք ունեցել են մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, մոտ ժամանակները տեղի կունենա նրանց դեմ առ դեմ հանդիպումը: Նշել ենք Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների արդյունավետ աշխատանքը տնտեսական համագործակցության հարցում: Ակտիվ շփումներ են լինում միջկառավարական, միջխորհրդարանական մակարդակներում, որոնց ժամանակ ամեն անգամ ներկայացվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր թեմաներ: Ռուսաստանը դարձյալ Հայաստանի ծանրակշիռ առևտրային գործընկերն է: Արտաքին առևտրի ոլորտում մեր բաժինը անցնում է 30 տոկոսը: Համագործակցության առանցքային ոլորտներն են էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան, լեռնահանքային արդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան: Պայմանավորվեցինք խթանել գործարար շրջանակների ուղղակի շփումները: Կխրախուսենք Ռուսաստանի շրջանների ուղղակի կապերը Հայաստանի հետ: Ռուսաստանի 20 շրջան համաձայնել է գործակցել Հայաստանի հետ, կանցկացվեն ամենամյա միջտարածաշրջանային ֆորումներ: Կխորացնենք համագործակցությունը մշակույթի, տուրիզմի, կրթության, սպորտի, տեղեկատվության ոլորտներում: Այս տարի նախատեսել ենք բացել հայ-ռուսական բարեկամության հուշարձան, մեր երկրներում կկազմակերպվեն Ռուսաստանի և Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր:
Քննարկել ենք նաև միջազգային խնդիրներ, բարձր ենք գնահատում համագործակցության մակարդակը տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպիսին են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն են: Խոսել ենք Հարավային Կովկասի իրադրության մասին, ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 20-ի, 2021 թ․ հունվարի և նոյեմբերի 21-ի պայմանագրերի կատարման կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը: Շոշափել ենք հարցեր, որոնք քննարկել են մեր ղեկավարները՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնախմբերի ստեղծում և սահմաններում կայունության հաստատում: Պետք է խթանենք երեք պետությունների փոխվարչապետերի գլխավորությամբ պատվիրակությունների եռակողմ հանդիպումները՝ տրանսպորտային-տնտեսական կապերի վերականգման հարցերով: Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման գործընթացին: Մենք, իհարկե, ողջունում ենք նաև Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա կօգնի մեր ամբողջ տարածաշրջանի իրադրության կարգավորմանը: Կարևորել ենք 3+3 ձևաչափը, որը, մեր կարծիքով, ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ Հարավային Կովկասի հանրապետությունների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը»,- մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: