«Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսատյացության հոսանքի մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն-ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Լուրեր»-ի հարցին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում կարգավորման հարցում, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Նրանք ոչ միայն այդ, այլ նաև մյուս հակամարտությունների կարգավորումը պատանդ են դարձնում իրենց ռուսատյաց քաղաքականությանը։ Նրանք բոլոր ձևաչափերում, բոլոր հնարավոր տեղերում դադարեցնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ փորձելով բոլորին ցուցադրել իրենց միակողմանի կամքը թելադրելու կարողությունը։
Այդ մոտեցումը համարում եմ բացարձակ անպատասխանատու, դա մեզ չի շեղի մեր ուղուց։ Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այդ ընտրությունը մերը չէր։ Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ը որոշեն դա անել, թող Աստված լինի նրանց դատավորը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում։