Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ։
Շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները միգրացիայի ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության որոշ ուղղությունների: Փոխադարձ կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրության» նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկի հարցը։
Քննարկվել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության և Հունաստանի միգրացիայի նախարարության միջև համագործակցության և փորձի փոխանակման ծրագրերը, կարևորվել է հունական կողմի ունեցած փորձը միգրացիոն ոլորտում:
Դեսպանը նշել է նաև, որ 2022 թ. հունվարի 1-ից միգրացիոն ծառայությունը գործարկել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային համակարգը, ինչը կարող է հետաքրքիր լինել հունական կողմի համար։
Հույն նախարարը դրական արձագանքելով դեսպանի առաջարկներին՝ հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի, և իր կողմից կներդնի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: