Հացահատիկի կամ սերմացուի խնդիրը բացառելու համար պետք է լուծել այլընտրանքային ճանապարհներով բեռնափոխադրումների հարցը՝ Կառավարության նիստից հետո նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հիշեցրել 2 շաբաթ առաջ ընդունված լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որի երկրորդ փուլը նախատեսվում է հաստատել մեկ շաբաթից:
Կերի պակասով պայմանավորված թռչունների գլխաքանակի սպանդին անդրադառնալով՝ Քերոբյանը նշել է, որ խնդրին միջանկյալ լուծում արդեն տվել են:
Նախարարն ընդգծել է՝ մյուս շաբաթ Ռուսաստանում հարցն ավելի առարկայական կքննարկվի:
Էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է նաև պարենային անվտանգությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Այսօր մեր գլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է, ու նորից կոչ եմ անում գյուղացիներին՝ որքան հնարավոր է ավելի լայն հողային մակերեսներ մշակել: Եվ նաև վստահեցնել, որ իրենց արտադրանքը անպայման լավ գնով կվաճառվի, որովհետև այն դեֆիցիտը, որ տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել՝ բերքի վաճառքի գները լինելու են լավը: