Երեկ մինչ ուշ երեկո Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում. այդ մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց՝ երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:
«Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ այդ հարցերն են ընդգրկված խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա:
«Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: