ԹՈՂ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԱՐՆԱՆ ՄԻ ՆՈՐ ԷՋ ԲԱՑՎԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, ու այս մեկամսյակին մենք ընդգծում ենք նրանց գեղեցկությունը, սերը, հարգանքը, բայց այս տարի կարևոր է ընդգծել ուժը, պոտենցիալը, վճռական դերը: Մայրության և գեղեցկության տոնի առիթով կանանց շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընգծել՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև հանրային կառավարում, իրավապահ, անվտանգային ոլորտներում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում:
Ու եթե սրան գումարենք նաև ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա, թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է:
Այդ վճռական դերը կյանքի կոչելու հնարավորություն տալն է մեր Կառավարության քաղաքականությունը, և հույս ունենք ստանալ ձեր գործնական աջակցությունը:
Օրվա առիթով վարչապետը խոնարհումի ամենաջերմ խոսքեր է հղել հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Նիկոլ Փաշինյան - Նրանք այսօրվա իմ ասելիքի լիարժեք հասցեատեր են, և մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաև նրանց և մեր բոլորի համար:
Մայրության և գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մայրության և գեղեցկության տոնի առիթով շրջել է խորհրդարանում և ծաղիկներ նվիրել կին աշխատակիցներին, պատգամավորներին ու լրագրողներին:
ՀԱՅ ԿԻՆԸ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԿՐՈՂՆ ՈՒ ՓՈԽԱՆՑՈՂՆ Է
Հայաստանի նախագահը նշել է, որ օրը ևս մեկ առիթ է` նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը կանանց նկատմամբ: Վահագն Խաչատուրյանը ընդգծել է՝ անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում։
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։
Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն։
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ ԱՌՋԵՎ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան - Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի։
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Մեր աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը: Մաղթել, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը:
Ապրիլի 7-ը ազգային տոնացույցում ներառվել է 1995 թ.-ից։ Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ այսօր Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։