Այսօր՝ ապրիլի 7-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի պահանջով քվեարկության կդրվի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցը: Պատճառը Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունն է:
ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ընդգրկող Գլխավոր վեհաժողովը ձայների երկու երրորդով կարող է կասեցնել խորհրդին ցանկացած երկրի անդամակցություն:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արձագանքելով ամերիկյան նախաձեռնությանը, նշել էր, որ Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գաղափարն աներևակայելի է և որևէ կերպ չի օգնի ռուս-ուկրաինական բանակցություններին:
«Մեր երկիրը փորձում են դուրս մղել աշխարհում ցանկացած բազմակողմ ձևաչափից, և այդ փորձերն աննախադեպ բնույթ են կրում։ Սակայն դա չի թեթևացնի, չի խրախուսի, չի պարզեցնի այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցություններում»,- ասել է ՌԴ ներկայացուցիչը: