Կառավարությունը հաստատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքները: 2022 թ. մարտի 19-ին տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը (19 կողմ, 0 դեմ, 1 քվեաթերթիկ անվավեր) ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս տարի լրանում է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակը. «Ցանկանում եմ նշել, որ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն բուհն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: Շատ խորհրդանշական է, որ այդ ընտրության արդյունքները հաստատվում են այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության օրը»:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը ժամանակակից մարտահրավերների ներքո՝ բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացները և շարժընթացներն ապահովելու առումով:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նորընտիր ռեկտորին և նշել, որ կրթության ոլորտում իրականացվող լրջագույն բարեփոխումների համար անկյունաքարային նշանակություն ունի կադրերի պատրաստումը: «Իհարկե, այսօր մենք ուսուցիչների կամավոր ատեստավորման շատ կարևոր գործընթաց ենք սկսել: Այն ունի երկու նպատակ՝ նախ բարձրացնել ուսուցչի աշխատանքի մասնագիտական պատրաստության նշաձողը, երկրորդ՝ բարձրացնել ուսուցչի աշխատանքի ֆինանսական գրավչությունը:
Գիտեք՝ աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսվել, որը լինելու է շարունակական: Հույս ունենք, որ տիկին Գևորգյանի ղեկավարության պայմաններում Մանկավարժական համալսարանը երկու սկզբունքով կառաջնորդվի. Կառավարության աջակցությամբ մենք պետք է մանկավարժական կրթությունը գրավիչ դարձնենք, և երկրորդ՝ պետք է այս ոլորտում նույնպես որևէ կոմպրոմիս բացառվի, որովհետև մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ որոշակի որակական չափանիշների: Ըստ էության, այդ որակավորումը պետական երաշխիք է, որ մենք այս ընդհանուր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում: Իհարկե, առջևում մեզ սպասում են նաև որոշակի բարեփոխումներ ընդհանուր առմամբ բուհական համակարգում, որը նույնպես մեր հաջորդ կարևոր մարտահրավերն է: Եկեք խոստովանենք, որ նախակրթության և հանրակրթության ոլորտում մենք հստակ կողմնորոշվել ենք, արդեն իսկ որոշումները կայացված են, ռազմավարությունները ճշգրտված են, թե ինչ կոնկրետ գործողություններ պետք է իրականացնենք բարձրագույն կրթության ոլորտում: Մենք դեռ խմորումների, քննարկումների, բանավեճերի փուլում ենք, բայց նաև պետք է կոնկրետացնենք մեր անելիքները, ինչը շատ կարևոր գործընթաց է: Այս առումով, կարծում եմ՝ 2022 թ. մեր կարևոր անելիքներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում զարգացման ռազմավարական հարցերում կողմնորոշվելն է, ռազմավարություններ ընդունելը և դրանցով առաջ շարժվելը»,- ասել է Կառավարության ղեկավարը: