Հանրակրթական դպրոցների 3600 տնօրեն և փոխտնօրեն առաջիկայում կվերապատրաստվի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագիրն իրականացնում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ:
Արտաշես Թորոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Վերապատրաստումներն սկսվելու են հեռավար դասընթացով՝ 4-շաբաթյա, որի ընթացքում դպրոցների տնօրենները ծանոթանալու են կարողունակություններին և վերջնարդյունքներին, բավականին ծավալուն գործնական աշխատանք են անելու, այդ թվում նաև արդեն առկա վերապատրաստման ժամանակ, որն անմիջապես սկսվելու է հեռավարից հետո և կօգնի տնօրեններին ավելի լավ պատկերացնել չափորոշիչները, ավելի ճիշտ ուսումնական պլան մշակել, ավելի ճիշտ ներդպրոցական վերահսկողության պլան մշակել:
Արտաշես Թորոսյանի խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքի ընդունումից և նոր չափորոշիչների ներդրումից հետո դպրոցների ղեկավարների հետ աշխատելու անհրաժեշտություն է առաջացել: Վերապատրաստումների հեռավար փուլը մեկնարկելու է ապրիլի 11-ին, տևելու է 4 շաբաթ. դրանց մասնակցելու է ընդհանուր առմամբ 300 տնօրեն և փոխտնօրեն:
Երկրորդ՝ գործնական փուլին մասնակիցների թիվն ավելի շատ կլինի, այն կտևի երկու շաբաթ, կանցկացվի Երևանում և հանրապետության բոլոր մարզերում: Օրինակելի ուսումնական պլանի միասնական ձև այլևս չկա: Ինքնուրույն որոշումներ կայացնելու համար դպրոցն արդեն ինքն է իր կարիքներին համապատասխանող ուսումնական պլան կազմում:
Արտաշես Թորոսյան - Ուսպլանը միասնական էր բոլոր դպրոցների համար, գործնականում գրեթե ճկունություն չկար, և եթե դու ցանկանում էիր դպրոցում որևէ ուղղության զարգացում ապահովել, դրա հնարավորությունը չունեիր: Էդպիսի լուրջ պրոբլեմ ունեցանք ավագ դպրոցի ձևավորման ժամանակ, երբ դպրոցը սահմանափակ ժամաքանակներ ուներ, սահմանափակ ուղղություններով և չկար ընտրության հնարավորություն:
Հանրակրթության նոր չափորոշիչները փորձնական կիրառվում են միայն Տավուշում: Մարզի բոլոր մանկավարժներն արդեն վերապատրաստվել են: Չափորոշիչներում առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ. խոսքը առարկայական ծրագրերի մասին է: Նախատեսվում է առարկայացանկի որոշակի բեռնաթափում:
Փոփոխություններից հետո ծրագիրը փորձնական կիրականացվի արդեն հանրապետության ամբողջ տարածքում:
Արտաշես Թորոսյան - 2023-24 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններ արդեն աշխատելու են նոր չափորոշիչներով: Էդ դպրոցների տնօրեն, փոխտնօրեն պետք է վերապատրաստվեն չափորոշիչներով աշխատելու համար, և այդ դասարանների ուսուցիչներն էլ:
Մինչև նոյեմբերի 15-ը հանրապետության բոլոր դպրոցների տնօրենները և նրանց երկու տեղակալները պետք է անցնեն այդ վերապատրաստումները: Նրանցից հետո ներդրվող փոփոխություններին կծանոթանան նաև ուսուցիչները:
Ծրագրում ներառված չեն մասնավոր դպրոցների ղեկավարները, բայց ցանկության դեպքում նրանք նույնպես կարող են անցնել երկշաբաթյա վերապատրաստում: