Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:
Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020 թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռությունների՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին, որի նպատակը ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:
Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղություններով: