Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն:
Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս են գալիս մեկուսացումից:
Նախատեսվում է նաև ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք:
ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ և ՀԾ ԱԱԹ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դուրս կգան ինքնամեկուսացումից:
Միաժամանակ նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի ՊՇՌ հետազոտություններն իրականացնել անվճար: