Իրենց տան բակից 5 տարի առաջ «Թուղթն աղբ չէ» նախաձեռնությունը սկսած ու բնապահպան-ակտիվիստների հետ վերամշակվող թափոններից զուգարանի թուղթ, ապա նաև՝ պլասմասսայե կախիչ, դույլ-ծաղկամանի արտադրություն կազմակերպած Հռիփսիմեն 2018-ին չէր էլ մտածի, որ գաղափարի համար մի օր մրցանակի կարժանանա։ Այդ հարցը մայրաքաղաքում հիմա արդեն լուծում են գունավոր աղբամանները։ Այդուհանդերձ՝ հարևանից մինչև անծանոթ դպրոցականների ու 2000 ընտանիքի աղբը տեսակավորել սովորեցրած նրա թիմն օրեր առաջ դարձավ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության հաղթող «Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում։
Հռիփսիմե Մկրտչյան («Էկո աղբ» ՀԿ ղեկավար) - Հիմա իրականացնում ենք «Կափարիչն աղբ չէ» նախաձեռնությունը մարզերում, ընդգրկում ենք դպրոցներին, աշխատանք ենք տանում, որ փոքր քայլերով ավելի շատ քաղաքացիներ ընդգրկենք:
Մրցույթին ներկայացվել էր 100 հայտ․ որ երկրում առկա էկոլոգիական խնդիրները վեր հանելու ու դրանց հաղթահարման գործում այդքան շատ իգական սեռի ներկայացուցիչ ունենք՝ նաև ժյուրիին է զարմացրել։ Մասնագիտական խումբը բարձր է գնահատել նաև բնական ռեսուրսների խնայողական օգտագործում քարոզող-ներդնող ակտիվիստների գործը։ Տան կամ բիզնեսի համար արևային պանել դնելը էկոլոգիական միակ լուծումը չէ․ ՓՄՁ-ներում ուսումնասիրում են արտադրական պրոցեսներն ու թափոնները և ծախսը կրճատելու խորհուրդներ տալիս՝ ասում է մրցույթի «Նորարարության լուծումներ» անվանակարգի հաղթողը։
Նունե Հարությունյան («Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Օրինակ՝ էդպես մենք չորահացի արտադրություն ենք ստեղծել մեր կանաչ ակումբների շրջանակում, մեկ այլ կազմակերպությունում կարողացել ենք ջրի օգտագործման հարցը կարգավորել:
Հաղթողների ընտրության հարցում սկզբունքային է եղել էկոլոգիական գաղափարը կրկնօրինակելու, երկրի նաև այլ շահառուների շրջանում տարածելու սկզբունքը։ Լավագույն նախաձեռնությունների համար միշտ փորձում են ֆինանսավորում գտնել՝ վստահեցնում է ՄԱԶԾ ներկայացուցիչը։
Աստղիկ Միրզախանյան (ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի սոցիալական խոցելիության և գենդերային հարցերով խորհրդական) - Հիմա էլ շարունակական գրանտների ծրագրեր ունենք հենց կլիմայի փոփոխության հետ կապված՝ ՋԷՖ-ն է տալիս, որ նվիրված է ակտիվիստներին, ՀԿ-ներին՝ իրենց ծրագրերը առաջ տանելու համար:
Մրցանակաբաշխության կազմակերպիչ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, ՄԱԿ-ի ու շրջակա միջավայրի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ նախատեսում է նաև հաղթող բոլոր 6 թիմերի փորձն առաջիկայում ներկայացնել՝ աշխարհի մասշտաբով անցկացվող բնապահպանական գագաթնաժողովին։