Ուկրաինական կողմն ապրիլի 6-ին ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծը, որում ակնհայտ հետընթաց է նկատվում Ստամբուլում բանակցությունների ժամանակ հնչած առաջարկներից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Երեկ ուկրաինական կողմը բանակցային խմբին է ներկայացրել համաձայնագրերի իր նախագիծը, որն ակնհայտորեն շեղվում է մարտի 29-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ արձանագրված կարևորագույն դրույթներից: Ընդ որում՝ դրանք ամրագրված են փաստաթղթում, որի տակ դրված է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի ստորագրությունը»,- ասել է դիվանագետը:
Մասնավորապես, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը, ինչը Ռուսաստանի համար անընդունելի է: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի հետ:
«Չնայած բոլոր սադրանքներին՝ ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով համաձայնագրի մեր նախագիծը, որում հստակ և ամբողջությամբ շարադրված են մեր բոլոր սկզբնական առանցքային դիրքորոշումներն ու պահանջները»,- հայտարարել է Լավրովը: