ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինական կողմն ապրիլի 6-ին ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծը, որում ակնհայտ հետընթաց է նկատվում Ստամբուլում բանակցությունների ժամանակ հնչած առաջարկներից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մանրամասնել, որ դրանք ամրագրված են փաստաթղթում, որի տակ դրված է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի ստորագրությունը: Մասնավորապես, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը, ինչը Ռուսաստանի համար անընդունելի է:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի հետ:
«Չնայած բոլոր սադրանքներին՝ ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով համաձայնագրի մեր նախագիծը, որում հստակ և ամբողջությամբ շարադրված են մեր բոլոր սկզբնական առանցքային դիրքորոշումներն ու պահանջները»,- հայտարարել է Լավրովը:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Ռուսաստանն ու Ուկրաինան աջակցում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
«Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է Չավուշօղլուն:
ՆԱՏՕ-Ն ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և երկրին կտրամադրեն սպառազինության լայն տեսականի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը նշել է, որ քննարկել են Կիևին աջակցելու առաջիկա գործողությունների պլանն, այդ թվում` կիբերանվտանգության, հատուկ սարքավորումների տրամադրման տեսքով, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանվել քիմիական և կենսաբանական սպառնալիքներից:
Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները տարբեր տեսակի զինամթերք են ուղարկում Ուկրաինա:
«Մենք ամեն օր տեսնում ենք այդ զենքի ազդեցությունը մարտադաշտում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
G7-Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՄԵԾԱՑՆԵՆ ՃՆՇՈՒՄԸ ՌԴ-Ի ՎՐԱ
«Մեծ յոթնյակի» առաջնորդները Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու 7 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել.
-
Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում նոր ներդրումների արգելք,
-
Ռուսաստանին ապրանքների և ծառայությունների մատակարարման արգելքների ընդլայնում, որոնք կարևոր են երկրի անվտանգության, տնտեսության համար,
-
ապրանքների գնման նոր սահմանափակումներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ կարևոր է ռուսական բանկերի անջատումը համաշխարհային ֆինանսական համակարգից: Ծրագրով նախատեսվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ ռուսական պետական ձեռնարկությունների դեմ, պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի դեմ, նաև ռուսական էլիտաների շրջանում: «Մեծ յոթնյակի» առաջնորդները արձանագրել են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելուն ուղղված քայլերի հնարավորինս արագ իրագործումը:
ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿՈՉ ԵՄ ԽՈՐՀՐԴԻՆ
Եվրոպական խորհրդարանը, արձագանքելով Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին, ԵՄ Խորհրդին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Այդ մասին ասված է ապրիլի 7-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստին ընդունված բանաձևում։
Եվրապատգամավորները հանդես են եկել Ռուսաստանից գազի, նավթի, ածխի և միջուկային վառելիքի ներմուծման անհապաղ արգելք սահմանելու օգտին: Բանաձևին կողմ է քվեարկել 513 պատգամավոր, դեմ՝ 22 պատգամավոր, ևս 19-ը ձեռնպահ են մնացել:
Ռուսաստանի նկատմամբ առաջարկվում է կիրառել նաև այլ սահմանափակումներ: Մասնավորապես, եվրապատգամավորներն աջակցություն են հայտնել SWIFT ֆինանսական փոխանցումների համակարգից ռուսական բոլոր բանկերի անջատմանը։
ՌԴ-Ն ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է. ՄԻՇՈՒՍՏԻՆ
Ռուսաստանը վերջին երեք տասնամյակի ամենաբարդ իրավիճակում է, հայտարարել է Ռուսաստանի վարչապետը: Միխայիլ Միշուստինը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների համատեքստում երկրի հետագա զարգացման ծրագրերի մասին։ Նա հավելել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք որոշել են լքել ռուսական շուկան, տեղական բիզնեսի համար նոր տեղ են բացում:
Ռուսաստանի վարչապետը շեշտել է, որ տարբեր ոլորտներում ներմուծման հետ կապված խնդիրները լուծելը այս պահին երկրի գլխավոր խնդիրներից մեկն է:
«Մեզ հարվածողները կարծում էին, որ մեզ կջարդեն, բայց մենք կանգուն ենք։ Իրավիճակը բարդ է, բայց կայուն և աշխատանքային»,- հայտարարել է Միշուստինը։