Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի առաջին եռակողմ հանդիպումից ավելի քան 3,5 ամիս անց Բրյուսելում Շառլ Միշելը երկկողմ և եռակողմ ձևաչափերով կրկին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
Մինչև եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետը նախ առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, Բրյուսելի կողմից Երևանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
Փաշինյան-Միշել և Ալիև-Միշել առանձնազրույցներից հետո կայացել է եռակողմ ձևաչափով հանդիպումը, որը տևել է ավելի քան 4 ժամ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ըստ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորություն կունենա։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՐԱԿԵԼ Է «ԳԵՐԱԶԱՆՑ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»
«Գերազանց և շատ կառուցողական» է եռակողմ հանդիպումը որակել Եվրոպական խորհրդի նախագահը: Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել է՝ Եվրամիության համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ նպատակի իրականացման համար է Բրյուսելը աջակցում բոլոր դրական ջանքերին և վստահության կառուցման միջոցառումներին: «Այս երեկո մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք»,- շեշտել է եվրապաշտոնյան:
Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ) - Խաղաղության բանակցության համար միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում, որ, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այս գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները: Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը նաև պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են: Վստահ եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:
Շառլ Միշելի խոսքով՝ որևէ կանխատեսում անելու համար դեռ վաղ է, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն են ունեցել անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները: Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտնել է, որ այս հանդիպումից առաջ մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել:
Շառլ Միշել - Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ՝ կա առաջընթաց գրանցելու, գործակցելու, առաջնահերթությունները որոշելու ընդհանուր ցանկություն: Վստահ եմ՝ այս երեկո ճիշտ ուղղությամբ քայլ կատարեցինք: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այնուամենայնիվ, առաջընթաց կա, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվեն կայունություն և բարգավաճում:
Եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարություն է տարածել: Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմից հումանիտար քայլերի կարևորությունը, չկարգավորված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ՝ մնացած պահվող անձանց ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը: ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև մարդասիրական ականազերծման ջանքերին: Միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար Միշելը կարևոր է համարել նաև ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը, ինչի համար ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել:
Շառլ Միշել - Առաջնորդները քննարկել են նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնումը: Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով արդյունավետ լուծումներ գտնել նաև ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համահունչ:
ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԲԱՔՎԻ ՎՐԱ
Ավելի վաղ՝ Բրյուսելում երկրորդ եռակողմ հանդիպումից առաջ, բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից 43 եվրապատգամավոր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին նամակ էր հղել, ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Եվրապատգամավորները կառույցի գործադիր ղեկավարներին կոչ են արել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար օգտագործել Եվրամիության բոլոր լծակները, որ Բաքուն վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: