Երևանից մինչև Սյունիք. զոհված տղաների մայրերը, տատիկները, կանայք ու երեխաներն այսօր հյուրընկալվել են կառավարական առանձնատանը:
Լինել քաղաքացիական մարտիկների առաջին շարքը՝ պահանջատեր ու խիստ անարդարությունների նկատմամբ՝ բոլոր հարցերում: ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հորդորն է մայրերին: Վարչապետի տիկինը բոլորին առանձին-առանձին շնորհակալություն է հայտնում՝ մայրության տոնը միասին անցկացնելու իր հրավերը չմերժելու համար, շեշտում է՝ իր համար օրվա լավագույն նվերը հյուրերի` սպասվածից մեծ այս թիվն է, որը, ցավոք, տեխնիկական խնդիրների պատճառ է դարձել:
Ծնողների հետ կիսվում է՝ սրտնեղել է՝ մայրիկներ են եղել, որ մուտքի մոտ երկար չեն սպասել, գնացել են, մինչև այդ խնդիրները կկարգավորվեին: Նա նաև ներողություն է խնդրում՝ մի մասին չի ճանաչում, առաջին հանդիպումն է, նախորդիվ կազմակերպած բոլոր հանդիպումները առանձին մարզերում են եղել, ավելի քիչ հյուրերով: Խոստանում է՝ այսպիսի հանդիպումներ էլի ու ավելի հաճախ են լինելու: Այդ ամենի համար նախ պետք է ուժեղ լինել: Պատահական չէ, որ վարչապետի մաղթանքում ևս այդ շեշտադրումը կա:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Այո՛, այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում: Այսօրվա առիթով խոնարհումի ամենաջերմ խոսքեր եմ հղում հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին և ընդգծելով, որ նրանք այսօրվա իմ ասելիքի լիարժեք հասցեատեր են, և մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաև նրանց և մեր բոլորի համար: Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, Մայրության և գեղեցկության այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար: Սա վարչապետի ուղերձն էր, իմ ուղերձը, ի շարունակություն սրա, հետևյալն է՝ մեր երկրում շատ կան անարդարություններ: Մեր հերոսները, մեր անմահացած հերոսները երկնքում հետևում են մեզ, մենք պետք է ցույց տանք, որ արժանի ենք իրենց:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան