Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: