Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել:
Նշվում է, որ այն ուղղված էր՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումները:
«Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը՝ առավել սերտ աշխատելով լարվածությունը հաղթահարելու և առաջ մղելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարը՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների:
Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքները: Նրանք դիտարկել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Կողմերը քննարկել են լարվածության մասին վերջին հաղորդումները և վերահաստատել 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիարժեք հավատարմության անհրաժեշտությունը: Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին ԵՄ հովանու ներքո Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել այդ փոխգործակցությունը՝ ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն ապահովելու համար»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմից հումանիտար քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է չկարգավորված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ՝ մնացած պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ ջանքերին: ԵՄ-ն նույն կերպ կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվության շարունակման և ֆինանսական աջակցության ավելացման, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչությանը օգնության, վերականգնման և վերակառուցման միջոցով:
Նախագահ Միշելն ընդգծել է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր: Այս նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները:
Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան: Այդ նպատակով, 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել է նաև Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել մինչև ապրիլի վերջ: Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողովի մանդատը լինելու է՝
1. իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի սահմանազատում
2. ապահովել կայուն անվտանգային իրավիճակ սահմանի երկայնքով և դրա մոտ:
Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման կարևոր տարր է և վերահաստատել է խորհրդակցություն և աջակցություն տրամադրելու ԵՄ պատրաստակամությունը:
«Առաջնորդները քննարկել են նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության/կապուղիների ենթակառուցվածքների վերականգնումը: Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով արդյունավետ լուծումներ գտնել նաև ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու կապուղիների զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համահունչ, ինչպես նաև առաջարկվող տնտեսական խորհրդատվական համաժողովի կազմակերպման միջոցով՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար։ Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։