Եվրոպական խորհրդարանը, արձագանքելով Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին, ԵՄ Խորհրդին կոչ է արել՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Մոսկվայի դեմ: Այդ մասին ասված է ապրիլի 7-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստին ընդունված բանաձևում։
Եվրապատգամավորները հանդես են եկել Ռուսաստանից գազի, նավթի, ածխի և միջուկային վառելիքի ներմուծման անհապաղ արգելք սահմանելու օգտին: Բանաձևին կողմ է քվեարկել 513 պատգամավոր, դեմ՝ 22 պատգամավոր, ևս 19-ը ձեռնպահ են մնացել:
«Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ արգելք սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի և գազի ներկրման նկատմամբ, ամբողջությամբ հրաժարվել «Հյուսիսային հոսք-1»-ից և «Հյուսիսային հոսք-2»-ից, ինչպես նաև ներկայացնել կարճաժամկետ հեռանկարում Եվրամիության էներգակիրների մատակարարումների անվտանգության ապահովման ծրագիրը»,- ասված է բանաձևում:
Ռուսաստանի նկատմամբ առաջարկվում է կիրառել նաև այլ սահմանափակումներ: Մասնավորապես, եվրապատգամավորներն աջակցություն են հայտնել SWIFT ֆինանսական փոխանցումների համակարգից ռուսական բոլոր բանկերի անջատմանը։