ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատերազմում զոհված տղաների մայրերի ու կանանց հետ հանդիպման տեսանյութը:
Հրապարակված տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է.
«Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր և, իհարկե, տատիկներ,
Շնորհավոր ձեր բոլորի Մայրության և գեղեցկության օրը։
Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, Արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։
Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլև բոլոր մայրերին, նաև նրանց, ում որդիները դեռ փոքր են։
Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։
Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ։
Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։