Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորել է նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը՝ այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները:
Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ երկու երկրները, անկախ իրենց շահերից և դիրքորոշումներից, պետք է զորավիգ լինեն միմյանց՝ հանուն հավատակից եղբայր ժողովուրդների բարօրության և անվտանգության։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս Պապուաշվիլիի, իր երախտագիտությունն է հայտնել վրաց իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշենի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է:
Պապուաշվիլին նաև գոհունակությամբ է խոսել այցի դրական արդյունքներից, երկու երկրների միջև առկա փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ տեղեկացնելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացումը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։