Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես եկավ բացման խոսքով:
Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը։
Ողջույնի խոսքերում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների 30-ամյա ուղուն, արձանագրված հաջողություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին:
Ընդգծվել է, որ անվտանգությունն ու խաղաղությունը կարող են ապահովվել միայն ներգրավված բոլոր կողմերի ջանքերով և կամքով։
Գիտաժողովը շարունակվել է երկու երկրների հետազոտողների զեկույցներով երկկողմ հարաբերությունների և դրանց վրա անմիջական ազդեցություն ունեցող թեմաների վերաբերյալ։