Վարչապետը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկում է եղել ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք:
Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ. ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց իրադարձությունների ընթացքում և դրա թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցների ընթացքում: