Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում է կայացվել մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին:
«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքների, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և, ի վերջո, հնարավոր է եղել այդպիսի կոմպրոմիսային որոշման հանգել:
«Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների՝ իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ը. ԵՄ-ը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:
«Այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: