ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ընդհանուր գնահատական տվեց Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Պետք է արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից:
Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Սա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պետք է հետևողականորեն իրագործենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկման կարևոր թեմաներից են եղել հումանիտար հարցերը:
«Արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 77 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից, և պետք է շարունակենք նրանք ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,- ասաց վարչապետը՝ նշելով՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրվել են տարընթերցումներ:
«Պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը: