Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջում:
«2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։
Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը:
1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան:
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:
NVIDIA, բարի գալուստ Հայաստան»,- նշված է գրառման մեջ: