ՌԴ-Ն ՓՈԽԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Մարտի դաշտում Ռուսաստանը փոխել է մարտավարությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ մեկնաբանելով, որ դրա պատճառն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կիևի շրջանում հակահարված են տվել Ռուսաստանի զինված ուժերին: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց գրեթե հաջողվել է ազատագրել Կիևը, նաև նշել, որ մարտեր են սպասվում երկրի հարավում: Զելենսկիի խոսքով՝ այս պահին լարված է հատկապես արևելքում՝ Դոնբասում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ԲԱՆԱԿԸ ԶԻՆԵԼՆ Է. ԿՈՒԼԵԲԱ
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր՝ Բրյուսել կատարած այցի օրակարգը չափազանց պարզ է՝ բաղկացած երեք կետից՝ զենք, զենք, զենք՝ նշել է Դմիտրո Կուլեբան: «Ուկրաինային օգնելու լավագույն միջոցը մեր բանակը հնարավոր ամեն տեսակի սպառազինությամբ զինելն է»,- նշել է արտգործնախարարը և ընդգծել, որ վերջին շաբաթներին Կիևն ապացուցել է, որ գիտի կռվել ու հաղթել: «Որքան շատ զենք ձեռք բերենք, այնքան մարդկային կյանքեր կփրկվեն»,- հայտարարել է Կուլեբան: Նա աշխարհին կոչ է արել շարունակել պատժամիջոցներ մշակել Մոսկվայի համար, մասնավորապես, սահմանել նավթի և գազի ամբողջական էմբարգո:
ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼՆ ՈՒ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ԿՄԵԿՆԵՆ ԿԻԵՎ
Ուկրաինային ավելի շատ աջակցելու կոչ է արել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեֆ Բորելը նշել է, որ պետք է ավելացնել հատկապես նյութական ու ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա: «Զելենսկին կարիք ունի ավելի քիչ ծափահարությունների և ավելի շատ զենքի»,- հայտարարել է Բորելը, տեղեկացրել նաև, որ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի նախագահի հետ մեկնելու են Կիև, հանդիպելու են Ուկրաինայի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Նա հույս է հայտնել, որ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը հնարավորինս արագ և վերջնականապես կհաստատվի դեսպանների կողմից և կհամաձայնեցվի արտաքին հարաբերությունների խորհրդի ընթացակարգերով:
ԿՔՎԵԱՐԿՎԻ ՌԴ-ԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պահանջել է Ռուսաստանին հեռացնել խորհրդի կազմից՝ Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության համար Կիևի կողմից Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո: ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ընդգրկող Գլխավոր ասամբլեան ձայների երկու երրորդով կարող է կասեցնել խորհրդին ցանկացած երկրի անդամակցություն:
ԿԱՆԱԴԱՆ ՉԻ ԱՐՏԱՔՍԻ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Օտտավան չի արտաքսի ռուս դիվանագետներին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Կանադայի օգտին չէ։ Նա նշել է, որ չի հետևելու այլ երկրների օրինակին և չի արտաքսելու դիվանագետներին, քանի որ հավանական հայելային պատասխան չի ուզում ստանալ։ Կանադայի վարչապետի խոսքով՝ երկրում գտնվող ռուս դիվանագետներն ապատեղեկություն չեն տարածում, իսկ նրանց արտաքսման քայլը վատ հետևանքներ կունենա: