Ապրիլի 7-ին Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին:
Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության առաջին դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Դոմինիկյան Հանրապետության դեսպանը նշել է, որ հանձնառու է իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավելագույն զարգացմանը:
Պարույր Հովհաննիսյանը դոմինիկյան դիվանագետին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։
Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: