ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Կառավարության նիստը վարչապետը սկսեց ապրիլյոթյան տոնական շնորհավորանքով: Իսկ օրակարգային հացերից առաջինը վերաբերում էր սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: 38 համայնքի 44 ծրագրերով 2020-21 թվականներին կատարված աշխատանքների համար բյուջեից մարզպետարաններին հատկացվեց 875 մլն դրամ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 26-ը 2021 թվականի ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն կա 604 մլն դրամ վճարելու, իսկ 18 ծրագրերը դրանք դեռևս 20 թվականին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021 թվականին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսինքն՝ եթե վճարման որոշում կայացվում է, նշանակում է, որ որակի վերահսկողությո՞ւն է իրականացվել և արձանագրվել է, որ պատշաճ որակո՞վ է տեղի ունեցել, թե՞ դեռ պետք է պրոցեսներն անցնեն:
Եղել են ծրագրեր, որոնք ավարտվել են, բայց որակի հետ կապված խնդիրների պատճառով աշխատանքը չի ընդունվել. շինարարները շտկել են, նոր միայն՝ վճարվել: Սանոսյանի խոսքով՝ կան երաշխիքային ժամկետներ. տարին մեկ ծրագրերը կենթարկվեն մոնիթորինգի, շինարարները պարտավոր են վերացնել թերությունները: 2022-ի սուբվենցիոն ծրագրերով ստացվել է 461 հայտ՝ ընդհանուր գումարը 79.5 մլրդ դրամ է, Կառավարության մասնաբաժինը՝ 43.5 մլրդ դրամ:
Գնել Սանոսյան - Բոլոր ծրագրերը շրջանառվել են համապատասխան գերատեսչություններով, հավանության են արժանացել, հետ ենք ուղարկել համայնքներ, սպասում ենք նախագծերին, փոխվարչապետի գրասենյակում մյուս ընթացակարգերը կշարունակենք:
ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ 50 ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Առողջապահական 6 կազմակերպության՝ Թալինի, Չարենցավանի, Մասիսի, Սիսիանի բժշկական կենտրոնների, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի համար հատկացվեց 3 մլրդ 800 մլն դրամ:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Լայնածավալ նորոգման, կառուցման, վերակառուցման աշխատանքները հետապնդում են մեկ նպատակ, այն է՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ, նաև որակյալ ծառայություններ:
Նորոգվող, զրոյից կառուցվող կենտրոնները, վարչապետի հանձնարարությամբ, կհագեցվեն նոր գույքով ու բուժսարքավորումներով: Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են նախորդ տարի սկսված Մարտունու բուժկենտրոնի, Վայոց ձորի մարզային հիվանդանոցի շինարարական աշխատանքները: Ավարտը նախատեսվում է այս և հաջորդ տարվա ընթացքում՝ տեղեկացրեց փոխնախարարը: Մեկնարկել է նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի վերակառուցումը: Կորոնավիրուսային համավարակը հաշվի առնելով՝ որոշվել է ուժեղացնել ծառայությունը: Կառուցվում է նաև Վանաձորի բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը:
Լենա Նանուշյան - Ունենք նաև այս տարի մեկնարկմանը սպասող կազմակերպություններ, դրանց թվում, Ձեր հանձնարարությամբ, ընդգրկված է նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, մարզային բժշկական կազմակերպություններ:
5 տարում 50 բուժհաստատություն կկառուցվի՝ նախընտրական խոստում է՝ հիշեցրեց վարչապետը՝ ծրագրի իրագործման համար այս փուլում կարևոր համարելով աշխատանքի պատշաճ պլանավորումը: Նկատեց՝ նույն սկզբունքով պետք է առաջնորդվել նաև 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, նորոգելու ծրագիրն իրականացնելիս:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյան - Այս պահին, բացի կազմակերպչականից, որևէ այլ խոչընդոտ չեմ տեսնում, որ այս ծրագիրը իրականացնենք: Զուգահեռ բովանդակային աշխատանքն է կարևոր, մասնագետների պատրաստման հարցն է շատ կարևոր: Եթե առողջապահության ոլորտում կարող ենք ասել, որ բավարար, պատշաճ որակի համակարգ ունենք, որի մակարդակի բարձրացումը շարունակական, անվերջանալի խնդիր է, կարևոր է, մանկավարժության ոլորտում սկսած ծրագրերը, որ կբերեն կոնկրետ արդյունքի, պետք է անելիքները ապահովենք:
Գործադիրը հաստատեց Մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը. 100-ամյա բուհը առաջին անգամ կղեկավարի կին՝ Սրբուհի Գևորգյանը: Վարչապետը կարևորեց կրթության ոլորտի բարեփոխումները՝ անկյունաքարային համարելով կադրային բազան: Ուսուցիչների կամավոր ատեստավորման նպատակը երկուսն է՝ բարձրացնել աշխատանքի նշաձողն ու նաև ֆինանսական գրավչությունը. ատեստավորմամբ սկսվել է մանկավարժների աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց:
Նիկոլ Փաշինյան - Պետք է այս ոլորտում նույնպես որևէ կոմպրոմիս բացառենք, որ պետք է դիպլոմ ունեցողը համապատասխանում է որակական չափանիշների, որակավորումը պետական երաշխիք է, որ ընդհանուր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում:
Բարեփոխումներ կարվեն նաև բուհական համակարգում. վարչապետի խոսքով՝ 2022-ի կարևոր անելիքներից է բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության ընդունումը: