Ապրիլի 6-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոին:
Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորվման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները:
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: Կարևորվել է դրա դերակատարումը՝ հատկապես դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափման հարցում:
Նախարարը ներկայացրել է ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության տեսլականը և կառուցվածքային նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է: Դեսպան Լույոն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում:
Ընթացիկ նախագծերը ներկայացնելիս նախարար Անդրեասյանը որպես ձեռքբերում կարևորել է Հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, որը մոտենում է ավարտական փուլին, Արբիտրաժային կենտրոնի կազմավորումը և արդեն իսկ ձևավորված Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատները:
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները, որը գլխավորում է նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարը հատկապես կարևորել է, որ սահմանդրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է ունենանք կատարելագործված օրենսդրություն, որը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ կազմակերպել դատավորների բարեվարքության ստուգումների գործընթացը:
Անդրադարձ է կատարվել նաև ծանր վիրավորանք հասցնելը քրեականցնելուն և Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը:
Անն Լույոին բարձր է գնահատել արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում Արդարադատության նախարարության ունեցած դերակատարումը:
Նախարար Կարեն Անդրեասյանը իր հերթին գոհունակություն է հայտնել դեսպան Անն Լույոին՝ ՀՀ կառավարությանը Եվրոպական միթության և հատկապես Ֆրանսիայի հանրապետության ցուցաբերած աջակցության համար:
Ամփոփելով հանդիպումը, հիմքում ունենալով համատեղ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ի նպաստ մի շարք նախագծերի իրագործման: