Ապրիլի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված մարզում ապօրինի անտառհատումների խնդրին։ Այդ մասին հայտնում են մարզպետարանից:
Մասնակցել են մարզի իրավապահ կառույցների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային մասնաճյուղերի, Զանգեզուր կոնսոլորտային համալիրի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ ու Բնապահպանության բաժնի աշխատակիցները։
Մարզպետը խիստ անթույլատրելի ու մտահոգիչ է համարել քննարկվող ոլորտում ներկայումս մարզում առկա վիճակը՝ հորդորելով անտառպահպանության պատասխանատուներին առավել խստությամբ իրականացնել վերահսկողական իրենց գործառույթները։
Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզի դատախազն ու Ոստիկանության մարզային վարչության պետը ներկայացրել են վերջին ժամանակներում գրանցված ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը․ անտառտնտեսությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց հատկապես անտառապահների աշխատանքի պատշաճ կատարման ու որակի վերահսկողության վրա։
Քննարկվել են ապօրինի անտառհատումների դեմ պայքարի հնարավոր ու արդյունավետ տարբերակները, և որոշվել է խնդրո առարկայի վերաբերյալ պարբերաբար նման հանդիպումներ անցկացնել՝ նաև գրանցվող դեպքերը քննարկելու համար։
Ներկաները նաև իրազեկվել են ապրիլի 30-ին կազմակերպվող համապետական շաբաթօրյակի մասին՝ անտառտնտեսություններին խնդրելով հատկապես ուշադրություն դարձնել անտառային տարածքներում առկա՝ մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերի մաքրությանը։