Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին նվիրված քննարկումը տեղի է ունենում Բրյուսելում Հայաստանի վարչապետի հանդիպումներին զուգահեռ՝ նկատեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը: Անդրեա Վիկտորինը վերահաստատեց, որ Բրյուսելը ցանկանում է օգնել Երևանին՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության լուծմանը:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար) - Ինչպես նաև լուծելու բաց մնացած մարդու իրավունքների հարցերը՝ Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող անձանց վերադարձը։ Նաև անվտանգային հարցերը՝ հարավի և Լեռնային Ղարաբաղի համար։ Բոլորս աշխատում ենք արդյունքի հասնելու համար։ Բռնությունը և պատերազմը երբեք չեն կարող լուծում լինել։ Դրա ողբերգական արդյունքները տեսնում ենք մեր հարևան երկրում։
Խնդրի կարգավորումը որոշիչ կլինի ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Չնայած հիմա ԵՄ-ն գերզբաղված է Ուկրաինայի հարցով, չենք մոռացել Հայաստանի և այս տարածաշրջանի մասին՝ նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ շուտով կստեղծվի այս տարվա գործողությունների պլանը, որի առաջնահերթություններից են դատաիրավական բարեփոխումները: Դրանք ամրագրված են նաև Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ գործընկերության համաձայնագրով, որը լիարժեք ուժի մեջ մտավ 2021-ին: Ներկայացվեցին ՍԵՊԱ-ի իրականացման մշտադիտարկման արդյունքները: Քննարկումը կազմակերպել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ու Եվրամիության պատվիրակությունը:
Դավիթ Ամիրյան («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն) - Գաղափարական տեսակետից, փաստաթղթային, ռազմավարությունների մակարդակում, գործողությունների մշակման մակարդակում ունենալ ՍԵՊԱ-ն որպես աղբյուր, շատ կարևոր է: Քաղհասարակության ներկայացուցիչները կարևորում են համաձայնագրի իրականացումը, այն դիտարկում որպես Եվրոպական համայնքի հետ հարաբերություններն ավելի զարգացնելու կարևոր ճանապարհ: Քննարկումները կլինեն շարունակական. այսօրվա հանդիպումը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին: Մշտադիտարկվել են կառավարության մշակած ճանապարհային քարտեզով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական, հակակոռուպցիոն ռազմավարությունները:
Անդրեա Վիկտորին - ՍԵՊԱ-ն արդյունավետ կլինի, եթե ունենանք ընդգրկուն մասնակցություն, քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լինի: Կարևոր են կառուցողական քննադատությունները, վերլուծությունները:
Արաքս Մելքոնյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ նախագահ) - Վերջերս Եվրամիության կողմից հրապարակվել էր Արևելյան գործընկերության երկրների գնահատման զեկույցը, որտեղ ՀՀ դատական իշխանությունը ամենաբարձրն էր իր ցուցանիշով անկախության համատեքստում, ոգևորիչ է, բայց մեզ համար բավարար չէ և դատավորների, դատական իշխանության անկախության ապահովման, հանրային վստահության համատեքստում:
ՍԵՊԱ-ի վերաբերյալ քաղհասարակության մոտեցումները կներկայացվեն եվրոպացի գործընկերներին՝ Հայաստանի իշխանությունների հետ բանակցելիս տվյալ ոլորտում փոփոխությունների ծրագրերում ներառելու համար: