Չինաստանի հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ուղղված՝ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկու երկրների գործակցությունը ավանդական ու հարուստ հիմքի վրա է, ինչն ապացուցում են անցած երեսուն տարում պահպանված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջազգային և տարածաշրջանային հարցերում առողջ գործակցությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չին ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը: Կուզենայի հայտնել մեր երախտագիտությունը այս տարիների ընթացքում Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերված աջակցության համար, որը նպաստել է Հայաստանի ժողովրդի լայն շերտերի համար կարևոր խնդիրների լուծմանը։ Այս շարքում վերջին դրվագներից է COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնությունը։
Երեք տասնամյակ առաջ հաստատված հարաներությունները երկու երկրների ժողովուրդներին նոր դարաշրջան բացելու հնարավորություն տվեց, ընդգծել է վարչապետը՝ արդեն Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին ուղղված ուղերձում: Հայաստանի համար կարևոր է գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Նիկոլ Փաշինյան - Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում: Չինաստանը Հայաստանի կողքին է եղել այս տարիների ընթացքում նաև Չինաստանի կառավարության կողմից տրամադրված անհատույց օգնության ծրագրերով։
Չին-հայկական հարաբերություններում առողջ և կայուն զարգացման դինամիկա կա, հատկապես վերջին 30 տարում՝ պատասխան ուղերձում ընդգծել է Լի Կեցյանը: Պատրաստակամություն հայտնել միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
Լի Կեցյան (ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ) - Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։
Չին գործընկերոջը շնորհավորել է նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդգծել՝ Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիմքի վրա ձևավորվել էր մշակութային և առևտրական սերտ գործակցություն:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան: Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան:
Նախագահն այցելել է նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատուն, հանդիպել դեսպան Ֆան Յունի և դեսպանատան անձնակազմի հետ, իր խոսքում ընդգծել՝ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ: