Այսօր աշխատանքային այցով Գյումրիում են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Նրանց ընդունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցության կարևորությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի հիմնախնդիրներին, հատկապես անօթևանությանը վերաբերող հարցեր։ Շիրակի մարզպետը հյուրերին է ներկայացրել աղետի գոտու խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, անդրադարձել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։
Ներկայացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը, անդրադարձ է կատարվել նաև վթարային շենքերի խնդրին, ինչպես նաև գյուղատնտեսական տարվան ընդառաջ ձեռնարկված միջոցառումներին։