Հայաստանում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման ու կանխարգելման ծրագրերը շարունակվում են: 2019-ից առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում, տրամադրվում են անվճար թեստավորման ծառայություններ: Ոլորտի պատասխանատուները այս առումով իրազեկվածության ու դիմելության աճ են արձանագրել:
Հասմիկ Հարությունյան (ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար) - Ծրագիրը շատ արդյունավետ է էն իմաստով, որ մենք կոնկրետ թիրախներին հասնում ենք՝ վաղ հայտնաբերելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը, սակայն մյուս կարևորագույն արդյունքն այն է, որ առողջության առաջնային օղակում աշխատող բժիշկների հմտությունները բարելավվում են:
ՄԻԱՎ-ի անվճար թեստավորումը համակցվում է հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի թեստավորման հետ: Գլոբալ հիմնադրամի ու ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ծրագրի թիրախում նախ խոցելի խմբերն են, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտները: 2021-ին, օրինակ, մարզերում քաղաքաբնակ միգրանտների շրջանում մոտ 10 500 թեստավորումից շուրջ 70 դրական դեպք է արձանագրվել: 2022-ի առաջին եռամսյակում հետազոտվել է 3849 անձ, հայտնաբերվել է 27 դրական դեպք:
Ռոզա Բաբայան (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար) - Երկրին տրամադրում ենք տեխնիկական աջակցություն, տրամադրում ենք խորհրդատվություն՝ հզորացնելու այն կարողությունները, որն ունի երկիրը՝ աջակցելու երկրին հասնելու ռազմավարական փաստաթղթերով նախանշված թիրախներին և իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք երկիրը նախանշել է իր առջև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում իրականացնելու համար:
Նախարարությունը գործընկեր կառույցների հետ ՄԻԱՎ-ի թեստավորման, նաև խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է նաև շարժական կլինիկաների միջոցով:
Ռոզա Բաբայան - Ավելի քան 241 համայնքում տրամադրվել են ՄԻԱՎ-ի վարակիչ հիվանդությունների, սեռավարակների նկատմամբ թեսատվորում, խորհրդատվական աշխատանքներ: Համայնքներում ավելի քան 5000 միգրանտի տրամադրել է թեստավորում, խորհրդատվություն:
2019-ին հանրապետությունում ՄԻԱՎ-ի 448 դեպք է հայտնաբերվել, 2020-ին՝ 369, 2021-ին՝ 425:
Կամո Դավթյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Գլոբալ հիմնադրամի ծրագրերի ղեկավար) - 2020 ի համեմատ 2021-ին ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը ավելացել է, դա՝ ի նպաստ այս բոլոր ծրագրերի ու նաև որոշ ապակենտրոնացման քայլերի: Քանի որ ավելի հասանելի է դարձել մարդկանց ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը նաև մենք աշխատում ենք բուժհաստատությունների հետ խարանի, խտրականության վերացման ուղղությամբ:
Նախորդ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերահաստատեց, որ Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակ ունի: Այսինքն՝ դեպքերը հայտնաբերվում են հղիության շրջանում ու կանխարգելվում: Մեր երկրում ՄԻԱՎ-ի հայտնաբերումից մինչև բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակում:
Հասմիկ Հարությունյան - Երկրում առկա է անհրաժեշտ քանակի ախտորոշիչ նյութեր, անհրաժեշտ քանակի որակավորված ԱՀԿ հակառետրովիրուսային դեղորայք:
Հայաստանում, ի դեպ, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի անվճար ախտորոշում և բուժում է տրամադրվում նաև երկրում գտնվող օտարերկրյա անձանց: Վարակի կասկած ունենալու դեպքում նրանք էլ, ինչպես մեր հայրենակիցները, կարող են դիմել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն: