Ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ՝ 46, 55 և 56 տարեկան, հանրապետության տարբեր մարզերում գողություններ են անում: Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ փետրվարի 28-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկում կատարված բնակարանային գողության փորձը նրանց ձեռքի գործն էր. այդ դեպքով մարտի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, ապա հարուցվել էր քրեական գործ:
Հրազդանի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով քրեական ոստիկանության, ոստիկանության Կոտայքի և Լոռու մարզային վարչությունների, Չարենցավանի ու Բազումի բաժինների գործընկերների հետ։
Մարտի 29-ին կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն: 56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու դռան փական բացելու համար հարմարեցված բանալիներ: 55-ամյա վանաձորցու խուզարկությամբ ևս ոսկեղեն հայտնաբերվեց։
Պարզվեց, որ նրանք զարդերը գողացել էին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից: Տուն էին մտել՝ դուռը հարմարեցված գործիքով բացելով։ Գողացել էին փող ու ոսկեղեն։ Պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 23-ին Ծաղկաձորի շենքերից մեկի մի բնակարանից 600 000 դրամ էին գողացել: Մոտ մեկ ամիս առաջ այդ դեպքով նույնպես հարուցվել էր քրեական գործ: Իրավապահները պարզել են, որ բերման ենթարկված տղամարդիկ բնակարանային գողություններ են արել նաև Սևան և Գյումրի քաղաքներում:
Նրանք կալանավորվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: