Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Համբարձում Սահակյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: Համբարձում Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:
Համբարձում Սահակյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 8-ին Երևանում:
1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
Սահակյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Տագանրոգի, Դոնեցկի թանգարաններում:
Սահակյանի գրաֆիկական, ջրաներկ ու յուղաներկ գործերի հիմնական թեման ժամանակակից իրականությունն է։
Հայտնի են հեղինակի «Հարավսլավական մոտիվներ» նկարաշարը, «Բանֆակ»-ը (1977 թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակին), «Ամրոցներ Կալեմեգդանում», «Ինքնադիմանկար» կտավները, նատյուրմորտների, գրաֆիկական շարքերը:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բելգրադում, Դոնեցկում, Նեպալում: