Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պարտավորությունները: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով, ինչը հնարավորություն է տալու ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել աշխարհում և ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի և արտակարգ պայմաններում:
Այս դրույթի առնչությամբ փոխնախարարը նշել է, որ այն ներդրողների համար կապահովի գործունեություն կազմակերպելու կանխատեսելիությունը, ինչպես նաև կբարձրացնի ներդրումային գրավչությունը:
Օրենքի նախագծով ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման առնչությամբ ընկերություններին առաջարկվում է դիմում ներկայացնել լիազոր մարմին, որն էլ պարզելու է փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:
Կարգավորվելու են նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Ամրագրվելու է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, ձևերի և լրացման ուղեցույցների, ինչպես նաև մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշել է, որ հարցերը նախօրոք քննարկվել են ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներ Ծովինար Վարդանյանը և Մխիթար Զաքարյանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք հիմնական զեկուցողի կողմից համարվել են ընդունելի: Առաջին առաջարկը վերաբերել է անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետների երկարաձգմանը, իսկ երկրորդը՝ սահմանային հողերի օգտագործման ժամանակ դրանց կարգավիճակի փոփոխությանը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին: