ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ սպորտսմեններին և երկրպագուներին Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով:
Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, նոր որակների ձեռքբերման նախապայման՝ ի նպաստ առողջ ապրելակերպի և համընդհանուր համերաշխության:
Առանձնակի ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մարզաշխարհի մեր երախտավորներին, մեր անհաղթ մարզիկներին: Նրանք իրենց կամքի ու աշխատասիրության շնորհիվ կերտած միջազգային բազում հաղթանակներով հայրենասիրության և հայրենանվեր գործունեության լավագույն օրինակներն են: Նրանց անվամբ ու ջանքերով մեր պետությունը ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին: Թո՛ղ հաղթանակները լինեն շարունակական. դրանցով ապրում և ոգևորվում է ամբողջ հայությունը:
Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, վստա՛հ եղեք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, առկա հնարավորությունների սահմաններում արդեն իսկ ձեռնարկել ու ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր՝ ձեր մարզումային պայմաններն արդի չափանիշներին համապատասխանեցնելու և ձեր միջազգային նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու համար:
Ինչ խոսք, սպորտը միայն պրոֆեսիոնալ զբաղվածություն չէ, այն կարող է լինել յուրաքանչյուրիս ընտրությունը, յուրաքանչյուրիս առօրյա կյանքի բաղադրիչը՝ ի նպաստ հասարակության առողջ ապրելակերպի: Եվ այս համատեքստում առանձնահատուկ դեր ունեն «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերը, որոնք միտված են հանրության շրջանում սպորտի մասսայականացմանը, արդյունքում՝ առողջ ապրելակերպի խթանմանը:
Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, երկրպագուներին մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ նոր հաղթանակների ճանապարհին»: