Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները՝ տեղեկացնում են քաղաքապետարանից: 2022 թ. համար բյուջետային հատկացումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12 500 խ. մ թափոնների հավաքում ու տեղափոխում:
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ, ի դեպ, համայնքը քննարկում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը:
Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:
Քաղաքային տնկարան այցի ընթացքում քաղաքապետին են ներկայացվել 2022 թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կընդլայնվի ջերմոցային և տնկարանային հատվածը:
Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հեկտարը: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ։