Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկել են կոնկրետ գործողություններ:
Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման են ենթարկել 38-ամյա երկու տղամարդու՝ մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ են եղել, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա:
Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակել են միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ:
Փետրվարի 23-ին իրավապահները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ ունեին, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:
Նույն օրը խուզարկություն է կատարվել թմրավաճառի տանը: Հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:
22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ 55-ամյա հայրը կալանավորվել է:
Իսկ ոստիկանության հակաթմրամիջոցային քաղաքականությունը շարունակական է. 2022 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի: