Սփյուռքի ամենահայաշատ քաղաքի համբավն ունեցող Գլենդելը նոր քաղաքապետ ունի՝ հայազգի Արտաշես Քասախյանը։
Նա քաղաքային խորհրդի կազմում ընտրվել է 2020 թվականին, մինչև այդ՝ տասնհինգ տարուց ավելի, քաղաքապետարանի քարտուղարն էր։
Դեռ այդ տարիներից նա շահել է քաղաքացիների համակրանքը՝ իբրև գործի գիտակ, պատրաստակամ ու պրոֆեսիոնալ գործիչ։ Քաղաքային խորհրդի հինգ անդամները քաղաքապետի պաշտոնը ստանձնում են հերթով։
Քասախյանը վստահ է՝ նոր պաշտոնում իր աշխատանքը շատ չի փոխվի. կշարունակի ծառայել քաղաքին ու բնակիչներին՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։
Արտաշես Քասախյան (Գլենդելի քաղաքապետ) - Ես համոզված եմ, որ գլխավոր բանը համեստությունն է, պաշտոնյաները պետք է հիշեն, որ համայնքի ծառաներն ենք, որ մեզ ընտրել են, որ մենք թեթևացնենք իրենց ցավերը: Դա պարտավորեցնող է, բայց դյուրին չէ, բայց մի բան, որը լավացնում է համայնքի կյանքը, ամենալավ գործն է հանրային ծառայողի համար:
Արտաշես Քասախյանը պատմեց, որ այս նույն դահլիճ առաջին անգամ մտել է չորրորդ դասարանում, երբ մրցանակ էր շահել լավագույն շարադրության համար։ Այն ժամանակ քաղաքական կամ պետական գործիչ դառնալու մտադրություն չուներ։
Արտաշես Քասախյան - Այն ժամանակ նպատակս չէր քաղաքականությամբ զբաղվել, ծնողներս քիմիկոս են, հանդիպել են ԵՊՀ-ում: Նրանց հույսն էր, որ զավակը լինի դեղագործ, բժիշկ, բայց մտա քաղաքականության մեջ, քանի որ այն օրերին շատ հայեր չկային, և ինչպես ասում են՝ եթե սեղանին չես, ուրեմն մենյուի մեջ ես, և այն ժամանակ, դժբախտաբար, հայերս այնքան էլ մասնակիցներ չէինք քաղաքականության մեջ ու դեռ չենք։ Մենք պիտի դռները բացենք, որ հայ երիտասարդները շարունակեն այս աշխատանքը։
Համատարած թանկացման պայմաններում գլենդելցիներին մատչելի բնակարանով ապահովելը, քաղաքն էլ ավելի անվտանգ դարձնելը, դպրոցների հետ աշխատանքը կշարունակեն լինել նորընտիր քաղաքապետի ուշադրության կենտրոնում։ Իսկ մարդկանց խնդիրների մասին հենց նրանցից լսելու համար ամեն ուրբաթ առավոտ սրճում է գլենդելցիների հետ քաղաքի բացօթյա սրճարաններից մեկում։ Գրեթե կիսով չափ հայաբնակ քաղաքի ղեկավարն ակնկալում է նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությունը քաղաքի ծրագրերին։
Արտաշես Քասախյան - Մենք իբրև հայություն՝ կոչ եմ անում ժողովրդին՝ այնպես պահենք մեզ, որ մյուսները նայեն նախանձով, թե ինչպես ենք հոգ տանում այս քաղաքին, որը ամենաշատ հայությունն ունի: Գլենդելն այն կենտրոններից է, որ աշխարհի հայությունը նայում է, թե մենք ինչ ենք անում այստեղ, նաև փոխադարձ կարող է օգնել մյուս համայնքներին։
Վերջին անգամ անցկացված մարդահամարից հետո Գլենդելի հայ բնակչության թիվը փոխվել է։ Քասախյանն ասաց, որ ցանկանում են այն ճշտել՝ քաղաքի ծրագրերում հայ համայնքին լիարժեք ներգրավելու համար։
Արտաշես Քասախյան - Պաշտոնական տվյալներ չկան, բայց կուզենք իմանալ՝ շատացել են թե պակասել, քանի որ շատերն ասում են՝ հայերը գնում են այլ քաղաքներ, որտեղ ավելի էժան են բնակարանները: Ուզում ենք իմանալ, քանի որ դրանից են կախված նաև ապագայի ծրագրերը երիտասարդների, տարեցների համար և այլն։
Արտաշես Քասախյանը մշտապես հետևում է հայրենիքում ընթացող զարգացումներին, նաև մտադիր է այցելել Երևան։ Գլենդելի նոր քաղաքապետն արդեն հստակ գիտի իր առաջիկա անելիքներից մեկը՝ ապրիլի 24-ին կկազմակերպվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական երեկոն՝ այս անգամ հարգանքի տուրք մատուցելով նաև 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին։