ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բուչայում քաղաքացիական անձանց սպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջ՝ միջազգային հանրությանը կոչ անելով արձագանքել: Նրա խոսքով՝ հարկավոր է Միավորված ազգերի կազմակերպության համակարգը վերափոխել։
«Առաջարկում եմ Կիևում համաժողով անցկացնել և քննարկել՝ ինչպես ամրապնդել միջազգային իրավունքը»,- հայտարարել է Զելենսկին:
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը երկու ելք ունի:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Պետք է սահմանափակել Ռուսաստանի լիազորությունները, որպեսզի Մոսկվան չարգելափակի իր ագրեսիայի հետ կապված որոշումները: Այդ ժամանակ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Երկրորդ տարբերակը ՄԱԿ-ի ինքնալուծարումն է: Եթե խոսքերից բացի դուք ոչնչի ընդունակ չեք, ապա այլ տարբերակ չի մնում։ Ուկրաինային, Եվրոպային, ողջ աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ։
Զելենսկու կոչին է անդրադարձել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։
Ջեն Սակի (Սպիտակ տան մամուլի խոսնակ) - Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահն արտահայտել է իր հիասթափությունը, որը մենք կիսում ենք։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հնարավորություն մենք չենք տեսնում։
Ռուսական կողմը պատասխանում է՝ Ռուսաստանին տեսականորեն գուցե հնարավոր է հեռացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, բայց ոչ Անվտանգության խորհրդից։ Այդ մասին էլ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պատրաստվում է ապրիլի 7-ին քվեարկել կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության ժամանակավոր կասեցման հարցով։
ՎՐԱՑ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Կիևն ակնկալում է Թբիլիսիից ապացույցներ ստանալ, որ վերջինս չի օգնում Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, հայտարարել է Դմիտրո Կուլեբան։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Կուլեբայի խոսքը «ամոթալի» է որակել։
«Մենք էլ ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը քաղաքավարի կլինի և կհիմնավորի իր հայտարարությունները։ Կիևի վերջին օրերի գործողություններն անընդունելի են»,- նշել է Կալաձեն, հավելել՝ Վրաստանն անում է ամեն ինչ՝ Ուկրաինային աջակցելու համար։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, սակայն Արևմուտքը կշարունակի աջակցել Կիևին։ Նման դիրքորոշում է հայտնել Գերմանիայի կանցլերը։
«Գերմանական զենքն արդեն զգալի դեր է խաղացել այս պատերազմում: Մենք կշարունակենք զենք մատակարարել Ուկրաինային»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը։
Պաշտոնյան հայտարարել է, որ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը նույնպես քննարկվում է, սակայն դեռ վաղ է խոսել հստակ դրույթների մասին։
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՈՒ ԼԱՎՐՈՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ռուսական «Խնայբանկի» և «Ալֆա բանկի» դեմ․ դրանց ակտիվները և գործարքները կարգելափակվեն։ Սահմանափակումները չեն տարածվի միայն էներգետիկ ոլորտում գործարքների վրա։
Սպիտակ տան փոխանցմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվում նաև Վլադիմիր Պուտինի դուստրերի, Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի և ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։ Կարգելվի նաև Ռուսաստանում նոր ներդրումներ կատարելը։
ՆԱՏՕ-Ի ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐ ՌԴ-Ի ՀԵՏ ԲՈԼՈՐ ԿԱՊԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԽԶԵԼ
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են ամեն ռուսական տանկի դեմ 10 Javelin հակատանկային հրթիռային համակարգ տրամադրել Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Եվրամիությունը նույնպես շարունակելու է զենք մատակարարել Ուկրաինային։
«Մենք ցանկանում ենք, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը, այնուհանդերձ, նշում է՝ Ուկրաինային հարձակողական զենք տրամադրելու հարցում ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա։
«Այդ որոշումները կայացնում են դաշինքի առանձին երկրները։ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ պատրաստ չեն խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ»,- շեշտել է Ժան Ասելբորնը։